Գերմանիան սպառնում է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
Եվրամիությունը կկիրառի ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան այս շաբաթ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին Բեռլինում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Մենք համաձայն ենք, որ եթե այս շաբաթ իրական առաջընթաց չլինի, մենք համատեղ կաշխատենք եվրոպական մակարդակով՝ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու համար: Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և ֆինանսական շուկան»,-նշել է նա:
Իր հերթին Միցոտակիսը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնական դեր խաղա Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու գործում, որը 2022 թվականի փետրվարից ի վեր պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ։
«Եվրամիությունը պետք է միասնական լինի»,-Մերցի հետ հանդիպումից հետո ասել է Միցոտակիսը։