Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը դատապարտել են Վրաստանում «նահանջը ժողովրդավարությունից»
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել են Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք, ըստ եվրոպացի առաջնորդների, խարխլել են երկրի ժողովրդավարական ինստիտուտները։
Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ հրապարակված համատեղ հայտարարության մեջ Մերցը, Մակրոնը և Տուսկը դատապարտել են «Վրաստանի իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարությունից հետընթացի ու քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և կառավարության քննադատների վրա հարձակումների»:
Նրանք համերաշխություն են հայտնել վրացի ժողովրդին և վերահաստատել իրենց «անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ «Մենք աջակցում ենք վրացի ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին, որոնք արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը»,- ընդգծել են հայտարարության հեղինակները։
«Անհրաժեշտ է ապահովել խոսքի և հավաքների ազատությունը։ Պետք է հետաքննվեն ավելորդ բռնության մասին հաղորդումները։ Պետք է փոփոխություններ կատարվեն եվրոպական չափանիշներին հակասող օրենքներում, և վերսկսվի խիստ անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը»,- ասվում է փաստաթղթում։
Երեք եվրոպացի առաջնորդները կոչ են արել Վրաստանի իշխանություններին վերսկսել երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։ «Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղու հետ կապված հնարավորություններից»,- ընդգծել են նրանք։