հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Գազայում իսրայելական հարվածները նոր զոհերի պատճառ են դարձել

Գազայում իսրայելական հարվածները նոր զոհերի պատճառ են դարձել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 26-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 90-ը։ Աս մասին հայտնում  է Al Jazeera-ն։

ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է իր դրական տրամադրվածությունը ցանկացած առաջարկի հանդեպ, որը կհանգեցնի համաձայնագրի՝ ապահովելով մշտական ​​​​հրադադար և Իսրայելի ուժերի լիակատար դուրսբերում։

Պաղեստինյան WAFA գործակալության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) զգուշացրել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները «ծարավից մահանալու վտանգի տակ են ջրամատակարարման համակարգերի փլուզման պատճառով»։

Գործակալությունը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում։

«Մենք ականատես ենք լինում պաղեստինցիներին Պաղեստինից անջատելու նախագծի իրականացմանը։ Գազայում ավելի քան 20 ամիս անգործությունն ու անպատժելիությունը հանգեցրել են բնակչության սովի և նվաստացման», - նշվել է հայտարարության մեջ։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օգնությունը Գազային։

«Օգնության մուտքը Գազա ՀԱՄԱՍ-ին մեծ խթան է տալիս, և դրա դադարեցումը մեզ կմոտեցնի հաղթանակին», - նշել է նա։

Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը հայտնել է, որ օգնության բաշխման կենտրոններում զոհերի թիվը հասել է 549-ի, ավելի քան 4000 մարդ վիրավորվել է։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 156-ի, իսկ վիրավորներինը՝ 132 239-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: