շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի

Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի

Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա մայիսի 29-ի վաղ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Զոհերի մի մասը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գրանցվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տան և մանկապարտեզի թիրախավորման հետևանքով։

Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարել է, որ մայիսի 28-ի երեկոյան լրագրող Մոաթազ Մոհամմադ Ռաջաբի զոհվելուց հետո Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի։ Իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են լրագրողի քաղաքացիական մեքենան Գազա քաղաքի ան-Նաֆաք փողոցում։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 54 084-ի, վիրավորվել է 123 308 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Պատանդների մի մասը դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ 

 

  • Կիսվել: