Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 18-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 34 պաղեստինցի։Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
11 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հաստատել է, որ «Գազայի բնակիչներին տեղահանելու ծրագիրը դեռևս ուժի մեջ է»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը Ժնևում կայացած իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի քննադատական խոսքերը՝ «Գազայի հատվածի հարավում սննդի բաշխման կենտրոնների մոտ քաղաքացիական անձանց սպանությունն ու վիրավորումը համարելով անընդունելի, և կոչ է արել «անհապաղ և անկախ» հետաքննություն անցկացնել։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 493-ի, իսկ վիրավորներինը՝ 129 320-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։