Գազայում 40-ից ավելի մարդ է զոհվել իսրայելական հարձակումներից
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 12-ի լուսաբացից ի վեր Գազայի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կրակի հետևանքով զոհվել է 42 պաղեստինցի, վիրավորվել է մոտ 200 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերից 24-ը գրանցվել են Նեթսարիմ բնակավայրի մոտ գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնում սննդի փաթեթներ ստանալու սպասող մարդկանց բազմության թիրախավորման հետևանքով։
Իսրայելական բանակը նաև կրակ է բացել Գազայի հարավային հատվածի Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված մարդկանց վրա։ Վիրավորները տեղափոխվել են Խան Յունիսի Նասեր հիվանդանոց և ալ-Մաուասի շրջանի այլ հիվանդանոցներ։
Մյուս կողմից, իսրայելական բանակը շարունակում է իր հարձակումներն ու ռազմական գործողությունները Արևմտյան ափին։
Պաղեստինի հեռահաղորդակցության կարգավորման մարմինը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում համացանցի և հեռահաղորդակցության ծառայությունները խափանվել են։
«Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների դեմ վտանգավոր էսկալացիան սպառնում է մեկուսացնել Գազան արտաքին աշխարհից», - նշվել է հայտարարության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 104-ի, իսկ վիրավորներինը՝ 127 394-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։