շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտ. Կատարի վարչապետը՝ Նեթանյահուի մասին

Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտ. Կատարի վարչապետը՝ Նեթանյահուի մասին

Կատարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը, որ նրանք խոչընդոտում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացմանը։

CNN-ին տված հարցազրույցում Ալ Թանին, մասնավորապես, ասել է. «Մենք ունենք խախտումների երկար ցուցակ, որոնք, ցավոք, թույլ է տալիս Նեթանյահուի կառավարությունը»:

Նա նշել է, որ հենց իսրայելական կառավարությունն է այժմ խաղաղության ծրագրի առաջխաղացման «գլխավոր խոչընդոտը», մինչդեռ միջնորդները շարունակում են աշխատել համաձայնության կատարումն ապահովելու համար։

Կատարը հանդես է գալիս որպես Գազայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդներից մեկը։

Ալ Թանին կրկին հայտարարել է, որ Դոհան երբեք չի ֆինանսավորել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ մերժելով պնդումները, թե Կատարի օգնությունը կարող էր օգտագործվել այդ նպատակների համար։ Նա այդ կերպ արձագանքել է ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ Կատարի դերի մասին վերջին հրապարակումներին։

Առանձին անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներում Դոհայի միջնորդական դերին՝ Կատարի վարչապետը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների զգալի մասը, սակայն ուղղակիորեն չի դատապարտել Թեհրանին նավարկությունը սահմանափակելու ձգտման համար։

«Ջրային ուղիները երկրներին շրջափակելու և նավարկության ազատությունը սահմանափակելու համար օգտագործելու ցանկացած փորձ անընդունելի է», — հայտարարել է Ալ Թանին։ Նա հավելել է, որ Կատարը մերժում է ցանկացած շրջափակում կամ ճնշում ցանկացած պետության կամ հակամարտության որևէ այլ մասնակցի կողմից։

Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է Կատարի և Իրանի միջև կայուն հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Դոհան և Թեհրանը հարևաններ են և տասնամյակներ շարունակ պահպանում են լավ հարաբերություններ։

«Մենք հարևաններ ենք։ Այդպիսին է մեր ճակատագիրը։ Մենք տասնամյակներ շարունակ լավ հարաբերություններ ենք պահպանում նրանց հետ», — ասել է Ալ Թանին՝ ընդգծելով, որ Կատարը չի ցանկանում սպառնալիք ներկայացնել Իրանի համար և նույն վերաբերմունքն է ակնկալում Թեհրանից:

  • Կիսվել: