Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արաղչիի հետ զրույցում հայտարարել է Իրան-ԱՄՆ պայմանավորվածություններին Փարիզի լիակատար աջակցության մասին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը։
Ըստ ԻԻՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում պատերազմի դադարեցմանը և բոլոր ուղղություններով՝ ներառյալ Լիբանանում, հակամարտությունների կանգնեցմանը արդյունավետորեն նպաստելու համար՝ նշված հուշագրի դրույթներին համապատասխան։
Արաղչին միաժամանակ մատնանշել է այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք բացվում են Իսլամաբադի հուշագրի շնորհիվ իրանա-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է դիվանագիտական գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածություններին Փարիզի լիակատար աջակցության մասին՝ նշելով այդ հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկարատև անվտանգության ամրապնդման համար օգտագործելու կարևորությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել դիվանագիտական շփումները ընթացիկ տարածաշրջանային գործընթացների և լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի շրջանակում։



