65+ տարիքի կենսաթոշակառուների համար այս տարվա 10 ամիսներին առողջության ապահովագրության համար պետբյուջեից ծախսվել է 320 մլն դոլար. Փաշինյան
2017 թվականի համեմատ՝ ՀՀ-ում առողջապահության ֆինանսավորումը 2027-ին նախատեսվում է ավելացնել 319 տոկոսով կամ շուրջ 4,2 անգամ։ 2021 թվականի համեմատությամբ աճը կազմում է 117 տոկոս կամ 2,2 անգամ ավելի: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ թվերի ներքո կոնկրետ մարդիկ են, ճակատագրեր ու ընտանիքներ:
«65+ տարիքի կենսաթոշակառուների համար այս տարվա 10 ամիսների արդյունքում ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 320 մլն դոլար: Ընդհանուր առմամբ 500 հազար դրամ և ավելի արժեք ունեցող ծառայություն է ստացել 65+ տարիքի 63 հազար թոշակառու: Առողջության ապահովագրության մասին է խոսքը:
Բայց նաև երեխաները (մինչև 18 տարեկանների մասին է խոսքը). 11570 երեխա ստացել է 500 հազար դրամ և ավելի ծառայություններ առողջության ապահովագրության մասով»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 2051 բուժառու 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ստացել է 4 մլն դրամ և ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն: 6857 բուժառու ստացել է 2-4 մլն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություն: 18 հազար մարդ ստացել է 1 -2 մլն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություն:
«Եթե 65+ տարիքի թոշակառուների մասին խոսենք, այս տարվա ընթացքում 350.143 մարդ ստացել է առողջության ապահովագրության համակարգով առողջապահական ծառայություն: Մի մասը դեղ է ստացել, մյուս մասը պարզապես հետազոտվել է, մյուս մասը վիրահատվել է, թերապևտիկ բուժում է ստացել և այլն»,- ասաց նա:



