երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Կառավարությունը փաստացի սկսել է TRIPP նախագծի իրականացումը․ Փաշինյան

Կառավարությունը փաստացի սկսել է TRIPP նախագծի իրականացումը․ Փաշինյան

ՀՀ կառավարությունը փաստացի արդեն սկսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի կառավարությունը դեռևս մինչև հետագա գործընթացների կազմակերպումը սեփական նախաձեռնությամբ կսկսի TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծային աշխատանքների պատվիրումը։ Մենք չենք ուզում ժամանակ կորցնել։ Հենց ձևավորվի TRIPP-ի զարգացման ընկերությունը, Հայաստանի կառավարությունը նրան կփոխանցի արդեն կատարված աշխատանքները», - ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ այս նախագծի շնորհիվ Հայաստանը կկարողանա հաղթահարել արդեն ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը։

«Անկասկած և միանշանակ է, որ TRIPP նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը կապաշրջափակվի բոլոր ուղղություններով՝ թե՛ Արևելք-Արևմուտք, թե՛ Հյուսիս-Հարավ։ Սակայն այս բոլոր ուղղություններով ապաշրջափակումն ամենևին չի նշանակում, որ ամբողջ ենթակառուցվածքը կդառնա TRIPP նախագծի մաս։ TRIPP նախագծում կներառվեն Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերն ու ավտոճանապարհը։ Գազատարի և նավթատարի հարցերը կքննարկվեն ավելի ուշ», - նշել է կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: