Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ Իրանը լքել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ անելով Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս շուտ հայտնել իրենց ցանկության մասին։
«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են»,-գրել է Բարոն։
Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, շաբաթվա վերջում կտեղափոխվեն շարասյունով։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև տեղեկացրել է, որ հունիսի 20-ին Հայաստանի և Թուրքիայի՝ Իրանի հետ սահմաններին տեղակայվել են խմբեր, որոնք կդիմավորեն Ֆրանսիայի քաղաքացիներին և կաջակցեն հյուպատոսական ցանկացած գործառույթի հարցում։
Նախարարը հայտնել է, որ այնուհետև նրանք կհրավիրվեն հայկական կամ թուրքական օդանավակայաններ, որոնց օդային տարածքները բաց են և չվերթներ են իրականացվում Ֆրանսիայի տարածք վերադառնալու համար։
Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Իրանից իրենց քաղաքացիներին տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործելու մասին հայտարարել են նաև Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը։