շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ֆրանսիան հայտնել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ֆրանսիան հայտնել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ֆրանսիան վճռականորեն տրամադրված է ճանաչելու Պաղեստին Պետությունը: Այս մասին այսօր RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք լի ենք վճռականությամբ ներգրավելու մի շարք երկրների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես, Պաղեստինյան ազգային վարչակազմին, տարածաշրջանի արաբական երկրներին՝ ստանձնելու պարտավորություններ, որպեսզի վերացվեն Պաղեստին Պետության ստեղծման ու գոյության ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները»:

Նախարարի խոսքով՝ «բացարձակ անհրաժեշտություն» է ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը, այլապես «Գազայի և Պաղեստինի համար չի լինի խաղաղության և կայունության հնարավոր ապագա»:

Նշենք, որ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում հունիսի 17-20-ը տեղի կունենա իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա:

Համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ և նախատեսում է Պաղեստինի Պետության ճանաչման ձևաչափի որոնում՝ Իսրայելի անվտանգության երաշխիքներով:

Իր հերթին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Գազայի հատվածում իշխանությունից, կառավարումը հանձնել պրոֆեսիոնալ ազգային Պաղեստինյան կառույցին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները:

  • Կիսվել: