ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնամին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար

Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնամին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար

Ֆրանսիական բանակի հրամանատար, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում հազվագյուտ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին է Եվրոպայում»։ Այս մասին հաղորդում է France24-ը։

Ելիսեյան պալատը հուլիսի 10-ին հայտարարել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը «կարևոր հայտարարություններ» կանի առաջիկա օրերին զինված ուժերի անդամների առջև ելույթում։

Մակրոնի ելույթին ընդառաջ՝ Բյուրկարն ասել է, որ Ռուսաստանը Ֆրանսիան համարում է իր գլխավոր հակառակորդը՝ հիմնականում Ուկրաինային աջակցության պատճառով, որը ցուցաբերվել է ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։

«Հենց (ՌԴ նախագահ) Պուտինն էր ասել սա», - հավելել է գեներալը։

Բյուրկարը նշել է, որ չնայած Ֆրանսիան ներկայում Ռուսաստանի կողմից իր տարածքի վրա ուղղակի հարձակման սպառնալիքի տակ չէ, սակայն Վլադիմիր Պուտինն ունի «շատ այլ տարբերակներ» հիբրիդային պատերազմ վարելու համար, այդ թվում՝ ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ և լրտեսություն։

Նրա խոսքով՝ դրանք բոլորն էլ գործողություններ են, որոնք Ռուսաստանը, որպես «հզոր վտանգ», ներկայում իրականացնում է այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են «ստորջրյա ենթակառուցվածքների նկատմամբ դիվերսիան, Ֆրանսիայում ապատեղեկատվական արշավները և լրտեսական գործողությունները»։

Գեներալն ասել է, որ Ֆրանսիան այժմ պետք է պաշտպանվի Ռուսաստանից բազմաթիվ ճակատներում։

«Տիեզերքում ռուսական արբանյակային մանևրները նպատակ ունեն խոչընդոտել մեր արբանյակային հետագծերը, մոտենալ և խափանել դրանք, մոտենալ և լրտեսել դրանք», - ասել է Բյուրկարը։

Իսկ ծովում, նրա խոսքով, ռուսական միջուկային հարձակողական սուզանավերը պարբերաբար մտնում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիս և Միջերկրական ծով՝ «ակնհայտորեն ձգտելով վերահսկել այն տարածքները, որոնք կարևոր են մեզ համար, բայց նաև բրիտանացիների համար»։

Նա հավելել է, որ օդում՝ Սև ծովի, Սիրիայի, Միջերկրական ծովի և «երբեմն» Ատլանտյան օվկիանոսի հյուսիսի երկնքում, հաճախակի «շփումներ և փոխազդեցություններ» են տեղի ունենում ռուսական ինքնաթիռների հետ։

Էմանուել Մակրոնը հուլիսի 13-ին կդիմի Ֆրանսիայի զինված ուժերին Բաստիլի օրվա նախօրեին ավանդական ուղերձով։ Նրա ելույթը «եզրակացություններ կանի պաշտպանական ջանքերի վերաբերյալ», հայտնել են Ելիսեյան պալատից։

 

  • Կիսվել: