Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով տարհանվել է 3000 մարդ
Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքը հանգեցրել է մոտ 3000 մարդու տարհանման: Այս մասին GMA News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ալբայ նահանգի նահանգապետ Նոել Ռոսալը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայում հայտնի է, որ տարհանվել է 729 ընտանիք, որոնք ներկայացնում են 2889 մարդ չորս համայնքներից և երկու քաղաքներից»:
Նահանգապետի խոսքով՝ իրավիճակը ներկայում կայուն է, սակայն իշխանությունները պետք է տարհանեն մնացած մարդկանց հրաբխի մշտական վտանգավոր գոտուց վեց կիլոմետր շառավղով։
Նշվում է նաև, որ ժայթքման սպառնալիքի պայմաններում Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունը սահմանափակել է հրաբխի շուրջ թռիչքի բարձրությունները։ Գագաթնակետից 3,35 կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռների թռիչքներն արգելվել են։


