հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Եվրոպայում ռեկորդային շոգը կարող է մինչև 2300 մարդու մահվան պատճառ դարձած լինել

Եվրոպայում ռեկորդային շոգը կարող է մինչև 2300 մարդու մահվան պատճառ դարձած լինել

Եվրոպայում ծայրահեղ տապի ալիքը, որը սկսել է նվազել անցյալ շաբաթվանից, կարող է մոտ 2300 մարդու վաղաժամ մահվան պատճառ դարձած լինել՝ ըստ Քինգս քոլեջի և Լոնդոնի արևադարձային բժշկության դպրոցի բրիտանացի գիտնականների կողմից անցկացված բլից-վերլուծության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ներկայացրել են Reuters և AFP գործակալությունները:Միևնույն ժամանակ, Եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայությունը հուլիսի 9-ին հայտնել է, որ Արևմտյան Եվրոպայում 2025 թվականին գրանցվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենատաք հունիսը։

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության մեջ վերլուծվել են 12 քաղաքի (ներառյալ՝ Բարսելոնան, Մադրիդը, Լոնդոնը և Միլանը) տվյալները, որտեղ կլիմայի փոփոխությունը հանգեցրել է 10 օրվա ընթացքում ջերմաստիճանի աճի 4 աստիճանով. Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։

Ենթադրվում է, որ 2300 վաղաժամ մահվան դեպքերից մոտ 1500-ը կապված է կլիմայի փոփոխության հետ, որը վատթարացրել է շոգը։

Սա առաջին ուսումնասիրությունը չէ, որը կապում է շոգ եղանակը մահվան ռիսկի բարձրացման հետ. եվրոպական առողջապահական ինստիտուտների տվյալներով՝ 2022 թվականին Եվրոպայում մինչև 61 000 մարդ կարող է մահացած լինել շոգի պատճառով։

Շոգը հատկապես վտանգավոր է տարեցների, հիվանդների, փոքր երեխաների, դրսում աշխատողների և բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ գտնվող բոլոր մարդկանց համար։

Շոգի առողջական հետևանքները սրվում են քաղաքներում, որտեղ ջերմությունը կլանվում է ասֆալտի և շենքերի մակերեսների կողմից, ինչը քաղաքային շրջանները զգալիորեն ավելի տաք է դարձնում։

  • Կիսվել: