Եվրոպական խորհրդարանը կքվեարկի Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու հարցով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ներկայացված անվստահության միանգամից երկու քվեի քննարկում և քվեարկություն կանցկացնի Եվրախորհրդարանը հոկտեմբերի 6-9-ը կայանալիք լիագումար նիստում, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ քննարկումը կսկսվի երկուշաբթի, իսկ քվեարկությունը՝ հինգշաբթի:
Եվրահանձնաժողովի նախագահի նկատմամբ անվստահության քվե են ներկայացրել «Եվրոպայի հայրենասերներ» և «Ձախեր» կուսակցությունները։
Երկու հայտերին միավորում է բացասական արձագանքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին և եվրոպացի արտահանողներին պարտադրված խիստ անբարենպաստ պայմաններին։ Խիստ քննադատության է ենթարկվել նաև Բրյուսելի խոստումը՝ 750 միլիարդ եվրո ծախսել ամերիկյան էներգակիրներ գնելու համար և 600 միլիարդ եվրո ներդնել ամերիկյան շուկայում։
Հաղորդվում է, որ վերջերս անցկացված հարցման արդյունքում հարցվածների 52 տոկոսը համաձայնագիրն անվանել է Եվրոպայի համար նվաստացուցիչ։
Ֆոն դեր Լայենն ընդունել է, որ համաձայնագիրն «անկատար» է, բայց նաև պնդել է, որ այն բավականաչափ «ամուր» է առևտրային ճգնաժամին դիմակայելու համար։


