ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Վրաց հասարակությանը չեն հետաքրքրում Եվրախորհրդարանի բանաձևերը. Կոբախիձե

Վրաց հասարակությանը չեն հետաքրքրում Եվրախորհրդարանի բանաձևերը. Կոբախիձե

Եվրախորհրդարանը և եվրոպական բյուրոկրատիան դժվարին իրավիճակում են, և վրաց հասարակությանը չի հետաքրքրում հակավրացական ևս մեկ բանաձևի ընդունումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հինգշաբթի բանաձև են ընդունել, որում դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, կոչ արել բանտից ազատել ընդդիմադիրներին, այդ թվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և ԵՄ-ից պահանջել են պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլու և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ:

Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ , երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ինչի պատճառով Արևմուտքում հայտարարեցին, որ Վրաստանը շեղվել է եվրոպական արժեքներից և չի գնում ԵՄ ինտեգրման ճանապարհով։ Դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Արևմուտքը դժգոհություն է հայտնել նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներից։ Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց ընտրությունում, սակայն ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեցին արդյունքները ճանաչելուց։

  • Կիսվել: