Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը
Արեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը, Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։
Այս իրադարձությունը ուղիղ համընկնում է Արեգակ-Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։ Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։
Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։
Առողջապահական զգուշացում
Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։ Ռիսկի խմբում են՝
- 50 տարեկանից բարձր անձինք
- Սրտային հիվանդություններ ունեցողները
- Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները
Խորհուրդ է տրվում՝
- Խմել շատ ջուր
- Խուսափել սթրեսից և քնի պակասից
- Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը
- Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։