Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում Իրանի պաշտպանվելու իրավունքն օրինական է ու արդարացված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի՝ Իսրայելի հարվածներից պաշտպանվելու իրավունքը լիովին բնական է, օրինական և արդարացված։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Թուրքիան անում է ամեն ինչ՝ Գազայի հատվածի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և մեր հարևան Իրանի դեմ այս անմարդկային ագրեսիան դադարեցնելու համար», - ընդգծել է Էրդողանը։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան նախապատրաստական աշխատանքներ է կատարել և շարունակում է պատրաստվել Իրան-Իսրայել հակամարտության հետ կապված ցանկացած զարգացման և հնարավոր բացասական սցենարների։
«ՄԱԿ-ը, միջազգային հաստատությունները և պետությունները լուռ են մնում ողջ մարդկության աչքի առաջ իրականացվող ագրեսիայի առջև, իսկ ոմանք նույնիսկ աջակցում են այս ավազակախմբին», - ասել է նա։
Էրդողանը նշել է, որ իսրայելական ագրեսիայի դադարեցումը անհրաժեշտ է աշխարհի և ամբողջ մարդկության համար։
«Մեր տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն ներկայիս իրադարձություններից»,- հավելել է Թուրքիայի նախագահը։