Էրդողանը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են Իրան-Իսրայել հակամարտության զարգացումները
Անկարայի նախագահական համալիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացվել, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի Հանրապետության նախագահական գրասենյակին։
Օրակարգում ներառված էին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո տարածաշրջանում բռնկված հակամարտության վերջին զարգացումները։
Հանդիպումը ներառել է ճգնաժամի բոլոր ասպեկտները, այդ թվում՝ Իսրայելի աճող ագրեսիվությունը, մարտական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերը, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության վրա հետևանքները և ձեռնարկվելիք միջոցառումները։
Քննարկվել են նաև հնարավոր սցենարները և Թուրքիայի համապատասխան նախապատրաստությունները։
Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը և Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը։