երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հույս է հայտնել, որ Բրյուսելում հավաքված նախարարները համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղեկությունների համաձայն՝ նախարարները քննարկում են տնտեսական պատժամիջոցները վերացնելու քաղաքական որոշում՝ միաժամանակ պահպանելով Սիրիայի  նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմին առնչվող պատժամիջոցները և միջոցներ ձեռնարկելով մարդու իրավունքները խախտողների դեմ։

«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք, որ (Սիրիայում) ժողովրդի համար աշխատատեղեր և ապրուստի միջոցներ լինեն, որպեսզի այն ավելի կայուն երկիր լինի», - նշել է Կալասը։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ներկայիս փաթեթի ժամկետը լրանում է հունիսի 1-ին, ինչը հնարավորություն է տալիս փոփոխությունների ենթարկել սիրիական հարցի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

 

  • Կիսվել: