չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ԵՄ անդամ պետությունները հաստատել են ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագիրը. աղբյուր

ԵՄ անդամ պետությունները հաստատել են ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագիրը. աղբյուր

ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունն այսօր՝ հունվարի 9-ին, աջակցել է ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ-ում բազմամյա ներքին տարաձայնություններին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, Բելգիան ձեռնպահ է մնացել։

Ըստ աղբյուրի՝ որոշումը հարված էր Ֆրանսիայի ջանքերին՝ համախմբելու համաձայնագիրն արգելափակող փոքրամասնությանը։ Փարիզը խոստացել է արգելափակել այն խորհրդարանում:

Նշենք, որ համաձայնագիրը, որը ստորագրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024 թվականի դեկտեմբերին, կստեղծի ազատ առևտրի գոտի՝ ավելի քան 700 միլիոն բնակչությամբ։ 

Համաձայնագիրը սատարող երկրները՝ Գերմանիայի և Իսպանիայի գլխավորությամբ, պնդում են, որ այն հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ: Մինչդեռ համաձայնագրի հակառակորդները՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, զգուշացնում են, որ լատինամերիկյան գյուղատնտեսական ներմուծումներով ԵՄ ֆերմերները կենթարկվեն անազնիվ մրցակցության:

 

  • Կիսվել: