Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում
Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել արտադրական և մատակարարման շղթաների, կանաչ զարգացման և թվային ֆինանսների ոլորտներում։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պեկինում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Օմանի սուլթան Հայսամ բեն Թարիք Ալ Սաիդի ներկայությամբ։Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո միասին ներկա են եղել արտադրական և մատակարարման շղթաների, կանաչ զարգացման և թվային ֆինանսների ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, Սի Ծինփինը Օմանի սուլթանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է խորացնել երկու երկրների զարգացման ռազմավարությունների համադրումը՝ Օմանի կայուն և վստահելի գործընկերը դառնալով էներգետիկայի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Հայսամ բեն Թարիք Ալ Սաիդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել Չինաստանի հետ համագործակցությունը առևտրի, ներդրումների, արդյունաբերության, ենթակառուցվածքների շինարարության, արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։
Օմանի սուլթանը Չինաստանում պետական այցով էր գտնվում նոյեմբերի 1-2-ը։
Xinhua-ն նշում է, որ սա Օմանի պետության ղեկավարի առաջին այցն է Չինաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 48 տարվա ընթացքում։



