Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան
ԹՐԻՓՓ չի լինելու Ադրբեջանում, այն լինելու է միայն Հայաստանում։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԹՐԻՓՓ-ի իրագործման դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարդկանց և բեռների տեղաշարժի հայելային սկզբունք չի գործելու։
«ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիր է։ ԹՐԻՓՓ չի լինելու Ադրբեջանում, այն լինելու է միայն Հայաստանում։ Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում, Թուրքիայում կամ աշխարհի որևէ այլ երկրում։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունով անցնող ճանապարհի մասին, ինչի վերաբերյալ է ԹՐԻՓՓ համաձայնագիրը։ Մյուս կողմից մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Տևական ժամանակ է՝ Հայաստանից անխոչընդոտ բեռներ են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, նույնը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ։ Մեր այն պնդումը, որ հայելային պետք է լինեն կարգավորումները, որևէ կերպ չեն չեղարկվել, բայց այդ ամենը կապ չունի ԹՐԻՓՓ-ի հետ։
ԹՐԻՓՓ նախագիծը պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրից, որում ԱՄՆ-ն ունի վկայի կարգավիճակ։ Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես արձանագրված է ստորագրված փաստաթղթերում»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը։



