Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է գնացքի վրա. կա 7 զոհ, 66 վիրավորների շրջանում կան երեխաներ
Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում այս գիշեր կամուրջ է փլուզվել գնացքի վրա, ինչի հետևանքով մահացել է յոթ մարդ: Ռելսերից դուրս են եկել Կլիմով-Մոսկվա ուղղությամբ թիվ 86 մարդատար գնացքի լոկոմոտիվն ու վագոնները։
Այս առնչությամբ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, մասնավորապես, հայտնել է. «Բրյանսկի մարզում գնացքի վրա կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել: Գնացքի ընթացքի ժամանակ, որում 388 ուղևոր է եղել, տեղի է ունեցել կամրջի պայթեցում: Հոսպիտալացվել է 47 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Երեք վիրավոր գտնվում է ծանր վիճակում, նրանց թվում՝ ութամսյա երեխա։ Յոթ մարդ զոհվել է, ևս 66-ը՝ տուժել»։
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ թարից հետո գնացքի 250 ուղևորի տեղավորել են Ժամանակավոր տեղակայման կետում (ԺՏԿ), մյուսներին հարազատները տուն են տարել։
Նշվում է նաև, որ Կուրսկի մարզում ևս կամրջի փլուզում է տեղի ունեցել։ Դրանով բեռնատար գնացք է ընթացել, արդյունքում ռելսերից դուրս են եկել ջերմաքարշը և երեք վագոն։ Սկսվել է լոկոմոտիվի հրդեհ, որն օպերատիվ կերպով մեկուսացվել է։ Մեքենավարներից մեկը ոտքերի վնասվածքներ է ստացել, ամբողջ անձնակազմին հիվանդանոց են տեղափոխել։