Բեյրութի հարավաին շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և վիճելի շենքերը։
Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը խստորեն դատապարտել է մայրաքաղաք Բեյրութի ծայրամասում Իսրայելի ագրեսիան՝ ընդգծելով, որ «միջազգային համաձայնագրի, ինչպես նաև միջազգային և մարդասիրական օրենքների և բանաձևերի հիմնական սկզբունքների այս ակնհայտ խախտումը՝ կրոնական տոնի նախօրեին, դատապարտող ապացույց է այն բանի, որ հանցագործը մերժում է կայունության, կարգավորման և արդար խաղաղության պահանջները մեր տարածաշրջանում»:
Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԻՊԲ-ի ուժերը կործանիչներով ճշգրիտ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններում և հարավային Լիբանանում անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման ստորգետնյա վայրերին։
Հայտարարության համաձայն՝ թիրախավորված վայրերն օգտագործվում են «հարձակման, հետախուզական տվյալներ հավաքելու և «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները բարելավելու համար»։
Ըստ ԻՊԲ-ի՝ «գործողությունից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար», և Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերի բնակիչների հարվածներից առաջ տարհանման կոչ է արվել։
«Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագրին, Իսրայելի բանակը նկատել է, որ ահաբեկչական «Հեզբոլլահ»-ի օդային ստորաբաժանումն (127) աշխատում է հազարավոր անօդաչու թռչող սարքեր արտադրելու վրա՝ իրանական ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարությամբ և ֆինանսավորմամբ», - գրել է Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X-ում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է շարունակել ագրեսիան Լիբանանի դեմ, եթե իշխանությունները չզինաթափեն «Հեզբոլլահ»-ին։
2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, վիրավորվել՝ ևս 17 000-ը։
Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։
Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրներ։