ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից

Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից

Ոստիկանությունը հայտնել է, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման վայրից դուրս բերված ավելի քան 100 մարդու մարմին տեղափոխվել է հիվանդանոց։  Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է ճաշարանի հատվածին, որտեղ գտնվող բժշկական համալսարանի բազմաթիվ ուսանողներ զոհվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները դեպքի վայրից դուրս են բերել 30-ից 35 մարդու մարմին։ Փլատակներում էլի մարդիկ կան։ 

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։  

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

 

  • Կիսվել: