երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արաղչին Թրամփին կոչ է արել կանգնեցնել Իսրայելին

Արաղչին Թրամփին կոչ է արել կանգնեցնել Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իրանը ցանկանում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել, բայց՝ ձևական: Ըստ Նեթանյահուի՝ իբր, Թեհրանի նպատակն է դրանց ընթացքում շարունակել միջուկային զենքի մշակումը: Նրա խոսքով՝ Իսրայելը դա թույլ չի տա:

Նեթանյահուն չի բացառել, որ իսրայելական ուժերի թիրախում կարող է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Նրա խոսքով՝ դա կավարտի հակամարտությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել Դոնալդ Թրամփին՝ ստիպել Իսրայելին կանգ առնել: Աբբաս Արաղչին հավելել է՝ Իրանը չի սկսել այս պատերազմը և շահագրգռված չէ շարունակել արյունահեղությունը։

«Սակայն մենք հպարտությամբ կպայքարենք մինչև վերջ՝ պաշտպանելու մեր հողը, ժողովրդին, արժանապատվությունը և մեր նվաճումները: Իսրայելի հարձակումների նպատակն է խափանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր գործարքը: Մենք շարժվում էինք այդ ուղղությամբ և ճիշտ ուղու վրա էինք»,- նշել է դիվանագետը:

Արաղչին նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել հակամարտությունը՝ դրա մեջ ներքաշելով Պարսից ծոցը և այլ երկրների: Իսլամական Հանրապետության արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը դեմ է դրան:

  • Կիսվել: