Անկարան պատրաստ է աջակցել Իրանի հետ բանակցություններին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստի շրջանակում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը:
Էրդողանի աշխատակազմի տվյալով՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Անկարան ամուր դիրքորոշում է որդեգրել Իրանի, ինչպես նաև Գազայի, Լիբանանի ու Սիրիայի դեմ Իսրայելի հարձակումների հարցում, և ջանքեր է գործադրում հակամարտությունները դադարեցնելու և դիվանագիտական լուծմանը վերադառնալու համար:
Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի գործողությունները: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է աջակցել միջուկային հարցի շուրջ տեխնիկական բանակցություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդների հանդիպմանը: