ԱՄՆ-ը առաջարկել է Ռուսաստանին՝ ժամանակավորապես դադարեցնել երկկողմ կարգավորման հարցով շփումները. Ուշակով
Վաշինգտոնն առաջարկել է Մոսկվային՝ ժամանակավորապես դադարեցնել երկկողմ կարգավորման հարցով շփումները՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ նոր հանդիպման ժամկետները և տեղը դեռ պետք է համաձայնեցվեն:
Հունիսի 16-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեսպանատների աշխատանքների վերականգնման վերաբերյալ Մոսկվա-Վաշինգտոն խորհրդակցությունները չեղարկվել են:
«Հուսով ենք՝ դադարը երկար չի տևի»,- շեշտել է Մարիա Զախարովան։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցությունների հերթական փուլի մասին հայտարարվել էր հունիսի սկզբին, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվել։ Ենթադրվում էր, որ երկու երկրի ներկայացուցիչները Ստամբուլի փոխարեն պետք է հանդիպեն արդեն Մոսկվայում և Վաշինգտոնում։
Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնումից բացի ռուսական կողմը Միացյալ Նահանգների հետ ցանկանում է քննարկել ուղիղ չվերթների վերսկսման և վիզային ռեժիմի դյուրացման հարցերը։