ԱՄՆ սենատորները պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում խոր մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի օրոք կամայական ձերբակալությունների շարունակվող պրակտիկայի և պատշաճ իրավական ընթացակարգի պահպանման մերժման կապակցությամբ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ներ:

Նշվում է, որ նրանք ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Ադրբեջանը կստանձնի փոխադարձ բարեխիղճ պարտավորություններ, որոնց թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Սենատորները շեշտել են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության հաջող զարգացման համար այն պետք է հիմնված լինի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնառության վրա.

«Ադրբեջանում պահվում է ավելի քան 300 քաղբանտարկյալ, իսկ անկախ լրագրողների, ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները շարունակվում են ամբողջ երկրում։ Մենք կիսում ենք վարչակազմի հետաքրքրվածությունը տարածաշրջանում խաղաղության առաջմղման հարցում և կոչ ենք անում Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնել ռազմավարական գործընկերության պայման։ Մեզ ոգևորել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու գործում վարչակազմի հաջողությունները, և մենք կոչ ենք անում վարչակազմին նմանատիպ մոտեցում կիրառելու նաև Ադրբեջանի նկատմամբ»,-ասված է նամակում:

Սենատորները նաև ընդգծել են, որ քաղբանտարկյալների ազատ արձակման աշխատանքը պետք է սկսվի հետևյալ անձանց առաջնահերթ ազատ արձակումից, որոնք, ըստ նրանց, ներկայացնում են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածներ, որոնք երկար տարիներ ենթարկվում են ճնշումների. Ալի Քերիմլի, Ալասգար Մամեդլի, Անար Մամեդլի, դոկտոր Գուբադ Իբադօղլու, Ֆարիդ Մեհրալիզադե, Ռուֆաթ Սաֆարով, Թոֆիգ Յագուբլու և Ուլվիյա Գուլիևա։

Ըստ սենատորների՝ քաղաքական դրդապատճառներով մարդկանց անօրինականորեն կալանավորելու՝ Ադրբեջանի Հանրապետության շարունակական պրակտիկան խարխլում է խաղաղության, օրենքի գերակայության և ԱՄՆ-ի հետ գործընկերության վերաբերյալ նրա պարտավորությունների նկատմամբ վստահությունը։

«Ազատության աջակցման մասին օրենքի (FREEDOM Support Act) 907-րդ հոդվածի կիրառությունից հրաժարվելու՝ վարչակազմի որոշումն արտացոլում է Ադրբեջանի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի ավելի լայն շահերն առաջ մղելու նպատակով։ Քանի որ Միացյալ Նահանգները բարեխղճորեն կատարել է այս նշանակալի քայլը, մենք վարչակազմին կոչ ենք անում պահանջելու, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության նախագահը ցուցաբերի երկկողմ հարաբերությունների ամրապնդման նկատմամբ նույնպիսի հանձնառություն։ Վերը թվարկված անձանց, ինչպես նաև բոլոր մյուսներին, որոնք անարդարացիորեն կալանավորվել են, անհապաղ ազատ արձակումը կդառնար այդպիսի հանձնառության նշանակալի վկայություն։ Դա կընդգծեր, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր գործընկերությունն ամրապնդվում է ոչ միայն ընդհանուր ռազմավարական շահերով, այլև հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքով»,-եզրափակել են սենատորները։