ԱՄՆ պաշտպանության նախարարն առաջին անգամ չի մասնակցի Ուկրաինային նվիրված՝ «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը. AP
Երեք տարի առաջ ԱՄՆ-ն ստեղծեց միջազգային խումբ՝ Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգելու համար, և այս տարի առաջին անգամ Պենտագոնի ղեկավարը՝ Փիթ Հեգսեթը, չի մասնակցի 50-ից ավելի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հաղորդում է Associated Press-ը։
Հեգսեթը, որը կիրակի վերադարձել է Սինգապուրում ազգային անվտանգության հարցերով խորհրդաժողովից, Բրյուսել չի ժամանի մինչև չորեքշաբթի երեկո, հայտնել է գործակալությունը և հավելել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը չի մասնակցի հավաքին նաև տեսակապի միջոցով:
Ըստ լրատվական գործակալության՝ դա վերջին քայլն է, որ Վաշինգտոնը ձեռնարկում է Ուկրաինայում ռազմական գործողություններից հեռու մնալու համար:
Հեգսեթի նախորդը՝ Լլոյդ Օսթինը, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո ստեղծել է «Ռամշտայն» ձևաչափով խումբ։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 50 անդամ երկիր Կիևին տրամադրել է մոտ 126 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ավելի քան 66,5 միլիարդ դոլար։ Հեգսեթը սկզբում հրաժարվել է ստանձնել առաջնորդի դերը, իսկ հիմա՝ ընդհանրապես հանդիպումից, ամփոփում է AP-ն։