ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնում են Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆն ու Քիթ Քելլոգը մայիսի 15-ին կմեկնեն Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին: Այս մասին Reuters-ին հայտնել են իր աղբյուրները:
Իր հերթին CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ Քելլոգը և Ուիթքոֆը պլանավորում են մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք հնարավոր բանակցություններին, սակայն հանդես են գալու դիտորդի կարգավիճակում։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ստամբուլ կատարելիք այցի հարցը մնում է բաց։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա կախված է այն հանգամանքից, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ բանակցություններին։
Նշենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կարող է մեկնել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին, հնարավոր է, տեղի ունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի՝ մայիսի 15-ին։