ԱՄՆ-ն ունի բազմաթիվ տարբերակներ, եթե չհաջողվի խաղաղության հասնել Իրանի հետ. Վենս
Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե նրան չհաջողվի կարգավորման հասնել Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բյուրգենշտոկում Իրանի, Կատարի, Պակիստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ լրատվամիջոցներում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Միացյալ Նահանգների և Իրանի միջև տեղի ունեցողի վրա, սակայն այս տարածաշրջանը շատ վաղուց է գտնվում ողբալի վիճակում, և նախագահը մեզ խնդիր է դրել հիմք դնել և տեսնել, թե արդյոք մեզ կհաջողվի հասնել կայուն խաղաղության։ Եթե դա չհաջողվի, ԱՄՆ նախագահի մոտ դեռևս մնում են բազմաթիվ տարբերակներ՝ Ամերիկայի անվտանգության ոլորտում նպատակներին հասնելու համար, բայց այս պահին նա մեզ համար որոշել է հենց այս ուղին, և մենք կշարունակենք աշխատել ու տեսնել, թե ինչի մենք կկարողանանք հասնել», - նշել է նա։
Վենսը չի հստակեցրել, թե կոնկրետ որ տարբերակների մասին է խոսքը։
Ավելի վաղ Բյուրգենշտոկում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի իրականացման հարցով բանակցությունների հիմնական մասը՝ Պակիստանի և Կատարի միջնորդների մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները փորձագիտական մակարդակով, որոնք, ինչպես սպասվում է, կսկսվեն այսօր։ Քննարկումների հիմնական թեման կլինի իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման մեխանիզմների ստեղծումը։



