ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տրամադրել մետաղական հանածոներին առնչվող գործարքի շրջանակում. Մարկո Ռուբիո
Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական բնույթի երաշխիքներ չի տրամադրել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի շրջանակներում: Այս մասին մայիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ռազմական որևէ երաշխիք չկա»,- նշել է նա՝ պատասխանելով Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հնչած հարցին։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը պահպանում է Ռուսաստանի նկատմամբ ավերիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, սակայն դրա փոխարեն ձգտում է դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնել Ուկրաինայում։
«Նախագահը (Դոնալդ Թրամփը – խմբ.) հստակ հասկացրել է, որ ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն խստացնելու տարբերակներ, եթե դրանց կարիքը զգացվի: Նա կնախընտրեր, որ կողմերը համաձայնվեն խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց, եթե դա չաշխատի, ապա շատ լավ գիտակցում է կործանարար պատժամիջոցների հնարավորությունները»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։