չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նվազել են աշխարհաքաղաքական լարվածության աճի պատճառով

ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նվազել են աշխարհաքաղաքական լարվածության աճի պատճառով

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի անկում են ապրել Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության աճի և թույլ վիճակագրական տվյալների պատճառով։

Ըստ Trading Economics-ի՝ ներդրողների վրա բացասական ազդեցություն են ունենում մտավախությունները, որ ԱՄՆ-ն կարող է ուղղակիորեն ներքաշվել իսրայելա-իրանական հակամարտության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Իրանի մասին մի շարք հաղորդագրություններ է հրապարակել, որոնցից մեկում Թեհրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Նա նաև նշել է. «Մեր համբերությունը սպառվում է»։

Միևնույն ժամանակ, ըստ ԶԼՄ-ների՝ Կոնգրեսը պատրաստել է մի շարք նախաձեռնություններ, որոնք նախատեսված են արգելել Վաշինգտոնին մասնակցելու ռազմական գործողություններին Իրանի տարածքում։

Trading Economics-ը, վկայակոչելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, հայտնել է, որ Միացյալ Նահանգների արդյունաբերական արտադրությունը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով: Մինչդեռ մասնագետները կանխատեսում էին 0.1% աճ։

ԱՄՆ-ում մանրածախ վաճառքը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.9%-ով՝ հայտնել է երկրի առևտրի նախարարությունը։ Դա չորս ամսվա ընթացքում գրանցված ամենանշանակալի անկումն է։ Վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել էին 0.7% անկում։

JetBlue Airways Corp.-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 7.9%-ով։ Նվազել են նաև մյուս ավիափոխադրողների բաժնետոմսերը, այդ թվում՝ United Airlines Holdings-ինը՝ 6.2%-ով, Delta Air Lines-ինը՝ 4.3%-ով, American Airlines Group-ինը՝ ​​3.1%-ով։

Բացի այդ, նվազել է Apple Inc.-ի բաժնետոմսերի գինը՝ 1.4%-ով, Boeing Co.-ինը՝ 0.7%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0.2%-ով, Tesla-ինը՝ 3.9%-ով, Amgen-ինը՝ 1.9%-ով, Alphabet Inc.-ինը՝ 0.5%-ով, Adobe Inc.-ինը՝ 4.7%-ով։

Մինչդեռ նավթարտադրողների բաժնետոմսերը թանկացել են նավթի գների էական բարձրացումից հետո, այդ թվում՝ Exxon Mobi -ինը՝ 1.4 տոկոսով, ConocoPhillips-ինը՝ 0.5 տոկոսով, Marathon Petroleum-ինը՝ 2 տոկոսով: 1.9%-ով բարձրացել է նաև Chevron Corp.-ի բաժնետոմսերի գինը:

  • Կիսվել: