Ամերիկյան ծրագրի շրջանակում իսրայելական զորքերի հեռացումից հետո լիբանանյան բանակը մտնում է երկրի հարավային շրջաններ
Լիբանանյան բանակի ստորաբաժանումներն այսօր՝ իսրայելական ուժերի հեռանալուց հետո, սկսել են տեղակայվել երկրի հարավում գտնվող Զաուտար էլ-Ղարբիա քաղաքում: Այս մասին հայտնել է Լիբանանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը՝ հավելելով, որ տեղակայումն իրականացվում է ԱՄՆ միջնորդությամբ մշակված ծրագրի շրջանակում, տեղեկացնում է Reuters-ը:
Ինչպես հաղորդվում է՝ նախաձեռնությունը նախատեսում է լիբանանցի զինվորականների կողմից «Հեզբոլլահ»-ից զենքի առգրավում Հարավային Լիբանանի որոշակի շրջաններում և իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում:
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարեց, որ «փորձնական գոտի» անվանումը ստացած այդ ծրագրի իրականացումն արդեն սկսվել է:
Տարածքի հանձնումը երեքշաբթի՝ այսօր, դարձավ ծրագրի առաջին գործնական փորձությունը, որը, ինչպես հույս ունի Բեյրութը, Լիբանանին հնարավորություն կտա վերականգնել վերահսկողությունը սահմանի երկայնքով մոտ 10 կիլոմետր խորությամբ հողաշերտի նկատմամբ, որը իսրայելական զորքերը դեռևս բռնազավթել են:
Այս գոտում հողին են հավասարեցվել տասնյակ գյուղեր և ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Այդ վայրերում բնակվող տասնյակ հազարավոր լիբանանցիներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
Նշվում է նաև, որ Լիբանանի բանակի հրամանատարությունը հաստատել է, որ երեքշաբթի ստորաբաժանումները սկսել են տեղակայվել Նաբաթիայի շրջանի Զաուտար էլ-Ղարբիա բնակավայրում: Զինվորականները տեղի բնակիչներին կրկին կոչ են արել չշտապել վերադառնալ քաղաք մինչև իրավիճակի լիակատար կայունացումը և սեփական անվտանգության համար խստորեն հետևել բանակային ստորաբաժանումների ցուցումներին:
Քաղաքապետ Աբեդ Էզզեդդինն ասել է, որ իրենք կտեղեկացնեն բնակիչներին, հենց որ տարածքը պաշտոնապես ճանաչվի անվտանգ և անցնի բանակի լիակատար վերահսկողության տակ:
Էզզեդդինը ավերածությունների մասշտաբը բնութագրել է որպես աղետալի. նրա տվյալներով՝ ոչնչացվել է քաղաքի ավելի քան կեսը, իսկ կանգուն մնացած տները լուրջ վնասվածքներ են ստացել, ինչը բնակավայրը դարձնում է ապրելու համար ոչ պիտանի:



