Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է
Ալբանիայի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին հայտարարել է ենթադրյալ արտաքին միջամտության մասին, որի նպատակն, ըստ նրա, Եվրամիությանն անդամակցելու՝ Ալբանիայի գործընթացը դանդաղեցնելն է։ Ինչպես հաղորդում է RT-ն, Ռաման միջամտության մեջ մեղադրել է Ռուսաստանին և Իրանին։
Ալբանիայի վարչապետի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ո՛չ, Էդի Ռամա, բողոքի ցույցերի են դուրս եկել ձեր երկրի քաղաքացիները, և պետք չէ ձեր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Ձեր ներքին խնդիրներով ինքներդ զբաղվեք», – գրել է Զախարովան իր Telegram-յան ալիքում։
Ալբանիայում ուսանողական բողոքի ցույցերը սկսվել են ուսման բարձր վարձավճարների, կրթության համար անբավարար պայմանների և մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայության պատճառով։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ռաման, իր հերթին, դատապարտել է ցուցարարների կողմից փողոցներում բռնության կիրառումը և հրաժարվել է պաշտոնից հեռանալ։



