կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք տեխնոլոգիական կենտրոններ։

Տաթև Ասլանյանը հանդիպել է «Astana Hub»-ի գործադիր տնօրեն Մագժան Մադիևի (Magzhan Madiyev) հետ։ Քննարկվել են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և հայ-ղազախական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև Տաշքենդի IT Park-ի գործունեության մոդելին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և դիտարկել Տաշքենդ ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունը։

«Astana Hub» կատարած այցի ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կառավարման և ֆինանսավորման մոդելները, ստարտափների զարգացմանն ուղղված ծրագրերը և մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները։

Տաթև Ասլանյանն այցելել է նաև «Alem.ai», որտեղ շրջայց է կատարել համալիրի տարածքում, ծանոթացել դրա գործունեության հիմնական ուղղություններին և հանդիպել «Alem.ai» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուար Ունայբեկովի (Anuar Unaibekov) և հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են արհեստական բանականության ոլորտի զարգացման, կրթական ծրագրերի և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունները։

Կայացել է նաև հանդիպում «Alem.ai»-ի ներքո գործող ԹՈՒՄՈ կենտրոնի գրասենյակի ղեկավար Աինուր Կուանիշբաևայի (Ainur Kuanyshbayeva) հետ։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթության զարգացմանը, երիտասարդների թվային հմտությունների ձևավորմանը և կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի Alatau City Authority-ի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գլխավոր տնօրեն Բայան Քոնիրբաևի (Bayan Konirbayev) հետ։ Քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացման, խելացի քաղաքների կառավարման համակարգերում նորարարական լուծումների կիրառման, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Աշխատանքային այցը հնարավորություն է տվել ծանոթանալու Ղազախստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման փորձին և ուսումնասիրելու Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ տեխնոլոգիական ձեռնարկատիրության, արհեստական բանականության և կրթության ոլորտներում։

  • Կիսվել: