Ադրբեջանում ձերբակալել են «Վագների» երկու վարձկաններ
Բաքվի Սաբայլի շրջանային դատարանում տեղի է ունեցել Ռամիլ Ռամիզ Ալիևի և Իսմայիլ Բուլուդխան Հասանովի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը, որը քննում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք կալանավորվել են Ադրբեջանում և արտերկրում տարբեր հանցավոր գործողություններ կատարելու կասկածանքով։
Նշվում է, որ նրանք անձամբ ընտրվել են «Վագներ» զինված խմբավորման ղեկավար Պրիգոժինի կողմից, «խուսափել են պատժից և վարձատրության դիմաց մասնակցել ռազմական գործողություններին»։
Ձերբակալվածները կասկածվում են տարբեր երկրներում հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև այդ գործողություններին Ադրբեջանի այլ քաղաքացիների ներգրավելու մեջ։
Ալիևի և Հասանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամսվա կալանքը։