8 զոհ, 84 վիրավոր. ՌԴ-ն հարվածել է Դնեպրին
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ ռուսական զորքերը հունիսի 24-ի առավոտյան հարվածել են Դնեպր քաղաքին՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում է Current time-ը:
Նա նշել է, որ վնասվել են հանրակացարան, մարզադահլիճ, վարչական շենք և ուղևորատար գնացք։ Զոհվել է ութ մարդ, ևս 84-ը՝ վիրավորվել։ 62 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 7-ը ծանր վիճակում է։
«Ուկրզալիզնիցա» ԲԲԸ-ն պարզաբանել է, որ հրթիռը հարվածել է երկաթգծի մոտակայքում այն պահին երբ ընթանալիս է եղել Օդեսա – Զապորոժիե չվերթի գնացքը։ Վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ուղևորներին Զապորոժիե կտեղափոխեն մեկ այլ գնացքով։ Բացի այդ՝ ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական բանակն այսօր «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի Ցամաքային զորքերի ուսումնական կենտրոններից մեկի վրա։
Ցամաքային զորքերի հայտարարության համաձայն՝ իրականացված կանխարգելիչ միջոցառումների և անձնակազմի բարձր մակարդակի պատրաստվածության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ կորուստներից։ Հայտնի է, որ մեկ զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն: