SIGMA ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ֆերմերային տնտեսություններին
Շվեյցարական SIGMA ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ֆերմերային տնտեսություններին:
Այն ուղղված է գյուղատնտեսական մթերքների պահպանման և վերամշակման պայմանների բարելավմանը։ Ծրագրի շրջանակներում ստեղծվում են սառնարանային տնտեսություններ, սերմերի մաքրման և ախտահանման կենտրոններ, ինչպես նաև գիտաարտադրական ուսումնական կենտրոններ: Այս նախաձեռնություններն օգնում են ֆերմերներին ավելի արդյունավետ իրացնել իրենց արտադրանքը և բարելավել մրցունակությունը շուկայում:
Հայաստանում գյուղմթերքի միայն 57,2 տոկոսն է իրացվում ներքին շուկայում կամ
արտահանվում է: Ագրոտնտեսությունների համար բերքի իրացման առաջնային խնդիրներից մեկը մթերման և երկարատև պահպանման հնարավորությունների բացակայությունն է:
Օրինակ՝ հանրապետության ամենախոշոր գյուղում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկում, միակ գործող սառնարանային տնտեսությունը հիմնադրվել է բոլորովին վերջերս՝ 2024 թվականի հոկտեմբերին՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող ՛՛Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում՛՛ (SIGMA) ծրագրի աջակցությամբ:
2024 թվականի ընթացքում ՍԻԳՄԱ ծրագրի աջակցությամբ հավանության են արժանացել 8 համատեղ ներդրումային նախաձեռնություններ մասնավոր ընկերությունների հետ, որոնք ներկայումս գտնվում են իրականացման տարբեր փուլերում:
Մեկնարկած 4 նախաձեռնությունների շրջանակում մշակվել է 9 նոր ծառայություն, որոնցից արդեն օգտվել է շուրջ 200 ֆերմերային տնտեսություն: SIGMA ծրագրի շրջանակներում իրականացվող համատեղ ներդրումային կարևոր նախաձեռնություններից է, օրինակ, Գեղարքունիքի մարզի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոնը: Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում ակտիվ աշխատանքներ են տարվում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:
2025 թվականին իրականացվող ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել սառնարանային տնտեսություն Տավուշի մարզի Բերդ համայնքում, իսկ Լոռու մարզում ՝ մոդուլային ալրաղաց: Բոլոր չորս թիրախային շրջաններում նախատեսվում է իրականացնել պարարտանյութերի և բույսերի պաշտպանության ծառայություններ: