հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները

Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները

Առաջարկվում է Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորություն, պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակման ու իրականացման, ինչպես նաև կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը միտված, տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի մշակման ու իրականացման լիազորություն: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով իր և պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու  Էսթեր Այվազյանի հեղինակած ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը, ամրագրել հասարակական մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն հասարակական կազմակերպությունների համար, հստակեցնել կենդանիներին տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը, որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը և հյուծելը, թույլատրելի համարել կենդանուն առաջնային բուժօգնության տրամադրումը ոչ մասնագետների կողմից: Առաջարկվում է  սահմանել կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, դատական հայց ներկայացնելու հնարավորություն ընձեռել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներում ամրագրված է կենդանիների պաշտպանությունը և որոնք ունեն այդ ոլորտում առնվազն երկու տարվա փորձ: Նախատեսվում է վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածի սահմանումները և որոշ սահմանաչափեր՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման դեպքերով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը:

Դրական էր նաև Կառավարության դիրքորոշումը. այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ Կառավարության առաջարկները հեղինակներն ընդունել են:

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը քննարկել է հուլիսի 2-ին գումարված արտահերթ նստաշրջանում:

  • Կիսվել: