կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում հիմնական ձեռքբերումները

Ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում հիմնական ձեռքբերումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հայտնում են նախարարությունից։

 

«Քննարկմանն ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ավագ սերնդի ներկայացուցիչների, փախստականների, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով օրենսդրական բարեփոխումներ, մշակելով քաղաքականություններ, տրամադրելով կարիքահենք ծառայություններ։

 

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման և ընտանեկան բռնության դեմ պայքարում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը՝ այս համատեքստում ընդգծելով 2025–2028 թթ․ գենդերային ռազմավարության ընդունման կարևորությունը։ Վերջինս մանրամասնել է գենդերային քաղաքականության վեց հիմնական գերակայությունները՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ոլորտային օրենսդրության բարելավմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության և ներուժի բարձրացմանը, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։

Անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներին՝ բանախոսը նշել է, որ ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել ապաստարանների ու աջակցման կենտրոնների ծառայությունների ընթացակարգային չափանիշները՝ ուղղված կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանը։

Նշված փոփոխություններով ամրապնդվել են ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման, ուղեգրման և ռիսկի գնահատման գործիքակազմերը, գործարկվել է նաև ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված գրանցման համակարգ։

Իր ելույթում Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների մասին՝ նշելով, որ օրենսդրական միջոցառումներն արտացոլում են Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ապահովելու անվտանգ և աջակցող միջավայր բոլոր երեխաների համար։

Նա նշել է, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն էապես հզորացրել են Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ համակարգերը․ եթե նախկինում ռազմավարական առաջնահերթությունը տրված էր կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաներին, ապա «Երեխաների իրավունքների պաշտպանության 2024–2029 թթ․համապարփակ ծրագիրը» և «2024–2040 թթ․ ժողովրդագրական ռազմավարությունը» ընդգրկում են բոլոր երեխաներին՝ առանց բացառության․ ծրագրերի առանցքում ընտանիքի բարեկեցության խթանումն է՝ որպես մարդու կապիտալի զարգացման հիմնարար պայման։

 

Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը մանրամասնել է ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները և այլն։

Ելույթի ընթացքում Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության այլ ուղղություններով իրականացված առանցքային բարեփոխումների և իրականացվող այլ աշխատանքների, այդ թվում՝ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների, անապահովության գնահատման նոր համակարգի և այլնի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: