շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Պետական շահերի պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում. Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» դպրոցի սաների հետ

Պետական շահերի պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում. Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» դպրոցի սաների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև դատախազի թեկնածու դառնալու ցանկություն ունեցող անձանց ներկայացվող պահանջներին:

Հանրապետության գլխավոր դատախազը, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում 150 հայցադիմում, արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ և 290 շարժական գույքի, իրավաբանական 400 անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա, իսկ ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է: Կնքված հաշտության համաձայնությունները ինն են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ մեկը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 2 միլիարդ 785 միլիոն դրամ (շուրջ 7 մլն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք (նշված գույքերի շուկայական արժեքները զգալիորեն գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները):

2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 463 միլիոն դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 3 միլիարդ 365 միլիոն դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 5 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 275 միլիոն դրամ:

Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 միլիարդ 433 միլիոն դրամ:

Հարցուպատասխանի ձևաչափով շարունակված քննարկման ընթացքում, պատասխանելով ուսանողներից մեկի՝ դատախազի թեկնածու դառնալու ցանկություն ունեցող անձանց ներկայացվող պահանջներին, Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը 2025 թվականի հունիսի 16-ին հայտարարել է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 16-ն է:

Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման առաջարկն ընդունելու և ուսանողներին հետաքրքրող հարցերին մանրամասն արձագանքելու համար:

  • Կիսվել: