Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում հունիսի 20-ին կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը, որին մասնակցում էին տասնյակից ավելի կազմակերպություններ կրթության, գիտության, ֆինանսների, տուրիզմի և այլ ոլորտներից:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեության ուղղությունները, կադրային քաղաքականության և որակի ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թափուր աշխատատեղերը և այլն:
Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ ունեցան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային կարիերան սկսելու կամ շարունակելու ուղիների վերաբերյալ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Մաշտոցի անվան համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մագդա Թևանյանը նշեց, որ ստեղծված հարթակը նպատակաուղղված է ուսանողների, առաջատար տեխնոլոգիաներով, նորամուծություններով, ժամանակակից ուղղություններով զբաղվող և գործող ընկերությունների հետ մշտական շփմանը, ինչը կարևոր է ոչ միայն ուսանողների, այլև գործատուների համար:
«Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար: Իսկ գործատուներին հնարավորություն է ընձեռնվում ներկայացնելու իրենց թափուր աշխատատեղերը և այն միջավայրը, որտեղ հետագայում կարող են աշխատել շրջանավարտները»,-իր խոսքում նշեց Թևանյանը:
Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան տեղում մասնակցելու աշխատանքի ընդունման հարցազրույցներին և ստանալու առաջարկվող աշխատատեղերի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները: