ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին. Նիկոլ Փաշինյան

2025 թվականի ապրիլին ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի համախառն ֆոնդը կազմել է 238 մլրդ 975 մլն դրամ, 2018 թվականի ապրիլին՝ 94 մլրդ 206 մլն դրամ: Սա բոլոր աշխատողների գրանցված աշխատավարձն է, և այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 մլրդ դրամով կամ 153 տոկոսով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է, 2,5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ:

Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել: Մտածում էի՝ ի՞նչ մեկնաբանություն տամ այս թվին: Այս տարբերությունը շատի ու քչի մասին չէ ամենևին, որովհետև սա մի դեպք չէ, որ ասենք՝ այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է: Սա տարբերություն է պետության և չպետության միջև: Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել՝ տեսե՛ք, թիվն այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի, այդ հարթության մասին չէ, սա պետության ու չպետության մասին է»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ այստեղ մտնում են թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 3-4 մլն կամ ավելի աշխատավարձ, թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 80 հազար դրամ, նաև կես կամ մեկ քառորդ դրույթով ու ավելի քիչ աշխատողներին, այսինքն՝ վերոնշյալ թիվը բոլոր աշխատավարձերի հանրագումարն է:

«Այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա աղմկոտ, իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն: Ինչո՞ւ եմ ասում 80-90 և ոչ 100 տոկոս, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին: Եվ 10-20 տոկոսը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը, կարգավորումները և այդպես շարունակ: Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ  համարում, որ այդ շեղումն ավելին լինի 10, մաքսիմում՝ 20 տոկոսից, հետևաբար ուզում եմ ընդգծել՝ 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, և 80-90 տոկոսով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ խոսքը չի կարող վերաբերել սոցիալական հատուկ խմբերին:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց կրթության ոլորտի բարեփոխումները, տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է հանրակրթական դպրոցների աշակետներին մի ուղերձ հղել. «Պետք է նրանց ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք»:

  • Կիսվել: