կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Խոսվում է նոր վարակների տարածման մասին, թթվածնի բալոնների մատակարարման խնդիր կա. Ահազանգում է ավագանու անդամը

Խոսվում է նոր վարակների տարածման մասին, թթվածնի բալոնների մատակարարման խնդիր կա. Ահազանգում է ավագանու անդամը

Թթվածային բալոններ տեղափոխող մեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելված է դրանց չափերի պատճառով հայտնի որոշումով կամ կարգով, սա բերում է լուրջ հետևանքների, առաքիչները բողոքում են: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ահազանգեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը։

Նա նշեց, որ բժշկական կենտրոնները խնդիրներ են ունենում մատակարարումների հետ կապված։

«Չե՞ք կարծում, որ անհնարաժեշտ է ժամային գրաֆիկ սահմանել, որ ցերեկն այդ մեքենաները կարողանան անցնել։ Նման ոլորտում կտրուկ արգելքը հետևանքներ է առաջացնում, նախապես պետք է ուսումնասիրվեն հետևանքները»,-ասաց ավագանու անդամը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ արգելքը գործում է որոշակի ժամերին, երբ փոքր կենտրոնը ծանրաբեռնված է։

«Մենք առաջարկում ենք կարգավորել նման առաքումները, դրանք իրականացնել այլ ժամերի, որոշակի բեռնաթափում լինի»,-ասաց Ավինյանը։

Ավագանու անդամը նկատեց՝ չի կարծում, թե մանրակրկիտ ուսումնասիրվել է խնդիրը։

«Հատկապես վերջին շրջանում առողջապահական հաստատությունների կողմից խոսվում է նոր վարակների տարածման մասին, աստված ոչ անի, նման բան լինի, մենք կատաստրոֆայի մեջ կհայտնվենք»,-ասաց նա։

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ասաց՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բուժհաստատություններն ունեն իրենց թթվածնային կայանները, նոր վարակների մասին էլ իրենք տեղեկություն չունեն։

«Մի մոռացեք, որ Երևանում մասնավոր հաստատություններ էլ կան»,-արձագանքեղ Ս. Մելիքյանը։

  • Կիսվել: