Կարո՞ղ ենք դնել շեմ, ասել՝ այսքանից ավելի աշխատավարձ ստացողի ծննդօգնությունը չենք ֆինանսավորում. Փաշինյան
Համընդհանուր հայտարարգրման համակարգը կարեւոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար. «Բայց արդյոք բոլորը դրա կարիքն ունեն: Մենք նույնիսկ միլիոնատերերի ծննդօգնության համար բյուջեից ֆինանսավորում ենք տալիս, բայց նման մեծ կարողությունների տեր մարդիկ մտնում են հիվանդանոց, իրենք հարակից վճարովի ծառայությունների վրա բյուջեից տված մեծ գումարներից 10 անգամ ավելի շատ գումարներ են ծախսում:
Հիմա այստեղ կարող է հարց ծագել՝ կարո՞ղ ենք մենք դնել մարդու աշխատավարձը, ասել՝ այ այս շեմից ով ավելի աշխատավարձ է ստանում, նրան չենք ֆինանսավորում առողջապահությունը, ով պակաս է ստանում՝ ֆինանսավորում ենք, բայց աշխատավարձը օբյեկտիվ ցուցիչ չէ: Մենք մարդու սոցիալական վիճակ չենք կարող գնահատել աշխատավարձով: Ենթադրենք 2-3 միլիոն աշխատավարձ ստացողների մեջ կամ մարդիկ, որոնք 20 միլիոն ավանդ ունեն բանկում և կան մարդիկ, ովքեր զրո ավանդ ունեն կամ էլ իրենց ընտանիքի անդամների առողջապահության վրա 5 միլիոն դրամի ծախս են իրականացրել:
Կան մարդիկ, որ ընդհանրապես աշխատավարձ չեն ստանում, բայց ինչ-որ ընկերություններից տասնյակ միլիոնների դիվիդենտ են ստանում կամ մի տեղ գրանցված են 700,000 դրամ աշխատավարձով։
Ես սա չեմ ասում, որ մենք պարտադիր այդ քաղաքականությունը փոխելու ենք, մենք պատկերը պետք է հասկանանք, որպեսզի քաղաքականությունները որոշենք:
Հաջորդը, մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն։ Ասում ենք՝ եթե դուք այդ ուղղությամբ ավելի շատ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից հետ վերադարձ կիրականացնենք։ Հիմա մենք դրել ենք 100,000 դրամ, որովհետև չենք կարող կանխատեսել, թե այդ ծախսը ինչքան կլինի։ Մեկ-երկու տարի մենք այդ գումարը պետք է տեսնենք, որպեսզի արդեն ավելի այդտեղ էլ հասցեական դարձնենք»,-ասաց նա: