ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի աշխատաժողովին

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի աշխատաժողովին

Հունիսի 17-ին և 18-ին  միջազգային դիվանագիտության կենտրոն համարվող Վիեննայում տեղի ունեցավ Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Միջոցառումը կայացավ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:

Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։

Աշխատաժողովին մասնակցում էին առաջին տիկիններ և պարոններ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Գվատեմալայից, Գերմանիայից և այլն:

«Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» աշխատաժողովը ներառում էր չորս թեմատիկ ուղղվածությամբ խորացված քննարկումներ՝

  • Միջազգային դիվանագիտության և Փափուկ ուժի դերը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում,
  • Միջազգային պրոտոկոլի դերը,
  • Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները,
  • Կանանց դերը աշխարհաքաղաքականության և խաղության մեջ

Աշխատաժողովի նպատակն էր համախմբել առաջին տիկնանց և պարոններին՝ խաղաղության կառուցման, նարատիվային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման շուրջ։ Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում է կոշտ ուժի լեզուն, աշխատաժողովը կենտրոնանում էր փափուկ ուժի՝ կրթության, մշակույթի, մարդասիրության և հանրային վստահության և հանրային բարիքի վրա հիմնված ազդեցության կարևորման վրա։

Քննարկումների և մտքերի փոխանակման կլոր սեղանի շուրջ Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց անփոխարինելի դերին: Նրա խոսքն ու փորձը մեծ արձագանք գտան երկրների Առաջին տիկնանց և պարոնների շրջանում, ովքեր բարձր գնահատեցին տիկին Հակոբյանի տեսլականը՝ նրան համարելով կանանց խաղաղարար գործունեության վառ օրինակ ու ոգեշնչող դերակատար։

Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակին համընթաց լուծումներ, և վաղուց այլևս արդյունավետ չեն դիվանագիտական և քաղաքական այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ կիրառվել են: Այս շխատաժողովը փաստեց, որ փափուկ ուժի թիրախային և մտածված կիրառումը կարող է դառնալ գերարդյունավետ գործիք՝  մեր օրերի քաղաքական ու հասարակական վերափոխումների գործում:

  • Կիսվել: